Լեռնցի (lernci) wrote,
Լեռնցի
lernci

Սրբազան Արարատը. նոր մեկնաբանություններ

Նաև այսպես
Հեղինակ: Գուրգեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Մեր թերթում հրապարակված «Արարատ լեռը` տիեզերքի անտենա» հարցազրույցից հետո շատ ընթերցողներ մանրամասներ են խնդրել թեմայի շուրջ: Ուստի պատմաբան Գուրգեն Կարապետյանին խնդրեցինք փաստերով կրկին հիմնավորել իր տեսակետը:

Ժամանակ առ ժամանակ մարդկությունը ստիպված է լինում վերանայել իր պատկերացումներն ու աշխարհաճանաչողական ընկալումները: Դարեր շարունակ համարվում էր, որ մարդկությունը մի մեծ ժամանակահատված ապրել է բարբարոսության ու տգիտության մեջ: Իսկ նրա հնագույն աշխարհաճանաչողական դրսևորումներն ընկալվել են որպես շրջապատի վերաբերյալ մանկական պարզամիտ պատկերացումներ և սնոտիապաշտության հետևանք: Մինչդեռ այսօր միանգամայն այլ տեսակետ է իշխում: Հատկապես լրջորեն չեն ուսումնասիրվել հին հայկական հավատալիքները. համարվել է, որ դրանք ձևավորվել են հարևան ազգերի ազդեցությամբ: Սակայն վերջին տասնամյակի ուսումնասիրությունները համադրելով մեզ հասած փոքրաթիվ տեղեկությունների հետ, կարելի է ցնցող բացահայտումներ անել:
Ճիշտ է` քրիստոնեության առաջին տարածողները կցկտուր տեղեկություններ են տվել մեր հին հավատի սրբավայրերի մասին, այնուամենայնիվ դրանք հիմք ընդունելով` կարելի է համարել, որ սրբավայրերը տեղակայված են եղել երեք մեծ տարածաշրջաններում` Արաքս, Արածանի և Արևմտյան Եփրատ գետերի ափերին: Արածանի գետի ափին էր գտնվում Իննակնի կոչվող սրբավայրը: Այս սրբավայրի մասին տեղեկություններ է թողել Զենոբ Գլակը, նա մասնակցել է և տեղի սրբավայրերի ոչնչացմանը: Նա նշում է, որ այս տարածքը նույն անվամբ սրբազան է եղել նաև պարսիկների ու հնդիկների համար:
Իսկ Ղևոնդ Ալիշանը խոսելով հին հայերի հավատքի մասին` կատարել է մի շարք կարևոր բացահայտումներ: Առաջին հերթին` Արաքս գետի ափի սրբավայրերի առնչությամբ շեշտում է, որ դրանք խորհրդանշում էին սրբազան Յոթին, Է-ին, Աստծուն: Ապա նա քննում է «աստված» բառը: Բառի նախաքրիստոնեական ծագումը հիմնավորելուց հետո Ղ. Ալիշանն այն համեմատում է հնդկական Վեդաներում հանդիպող Աստուատթան և պարսկական Ավեստայում Ասդվատ հասկացությունների հետ: Երկուսն էլ մատնանաշում են երկնային էություններ, և կարելի է նույնացնել հնդեվրոպական և համաշխարհային հավատալիքներում գոյություն ունեցող Կենաց ծառի հետ, որի ճյուղերը երկրում են, իսկ արմատները` երկնքում: Հայագետը պնդում է, որ սրբազան Յոթին նվիրվում էր հատուկ սրբավայր, որը կոչվում էր Վռամյան կրակ: Հայերը, ինչպեսև Հայկական լեռնաշխարհից դուրս եկած մյուս ժողովուրդները, աշխարհը և նրանում կատարվող երևույթները դիտում են Սուրբ երրորդության համակարգում, ուստիև հնագույն կրոններում առկա էին գլխավոր երեք աստվածությունները: Օրինակ` հնդկական Բրահման, Վիշնան և Շիվան: Հայքում` Վանի թագավորության շրջանում երրորդությունը կազմում էին Խալդին, Թեշուբին և Շիվինին: Հետագայում ևս հայերն ունեցան երկրային Սուրբ երրորդություն` Անահիտ, Նանա, Բարշամա: Եվ երկնային երրորդություն` Միհր, Վահագն, Վահէ: (Սրանք դիցուհիներ և դիցեր են. սխալ է կոչել աստվածուհիներ և աստվածներ): Կնշանակի` Աստվածն ու Կենաց ծառը մի էություն են, որը միացնում է երկինքն ու երկիրը:
Արամազդ դիցի գլխավոր սրբավայրը գտնվում էր Արևմտյան Եփրատի ափին: Այդ տարածաշրջանում էր նաև Երզնկա քաղաքը: Հավանաբար քաղաքի անունը ծագում է Էր-զնկ-կա հասկացողությունից, որը նշանակում էր Արի զնգոցը (ձայնը) կա (այստեղ է): Նշանակում է` Երզնկան եղել է Արամազդին նվիրված քաղաք: Իսկ ըստ հին հայերի` Արամազդը տիեզերական ոգու` Արայի լրաբերն էր: Սա լավ երևում է նաև Արամազդ անվան մեջ` Ար (տիեզերական ոգի), Ամ (այժմ նշանակում է տարի, իսկ հնում հավանաբար նշանակել է նաև ամբողջական), Ազդ (սրբազան լուր):
Այսպիսով կարող ենք պնդել, որ Արաքսի շրջապատը նվիրված է եղել տիեզերական Յոթին, Արածանին` Իննին, իսկ Արևմտյան Եփրատը` Ութին: Իսկ այս գետերն իրենց վտակներով սկիզբ են առնում Բյուրակնից: Կնշանակի` հին հայերը մեր հայրենիքը բաժանել են Յոթնակնի, Ութնակնի, Իննակնի և կենտրոնական` Բյուրակնի սրբազան տարածքների:
Նրանք հավատում էին, որ այս տարածքներից ավելի հեշտությամբ կարելի է կապվել տիեզերական ուժերի, տիեզերական կենտրոնների հետ: Ոչ միայն հայերը կամ Աստվածշնչի հեղինակները. հնագույն ժողովուրդները ևս սրբազան են համարել Հայաստանը` որպես մարդկության բնօրրան` դրախտ: Պարսիկներն առաջին մարդուն կոչում էին Արիման, իսկ Հնդիկները` Հայամարդա (հայ մարդ): Առավելապես սրբացվել է Մասիս սարը` որպես մարդկության փրկության վայր: Շումերները Մաշոու (Մասիս) սարը համարում էին աստվածների ժողովատեղի, այն վայրը, որտեղից նրանք խոսել են մարդկանց հետ: Նորագույն ուսումնասիրությունները, իրոք, բացահայտել են Մասիսի առանձնահատուկ լինելը: Նրանից հավասար հեռավորության վրա են գտնվում մայրցամաքների հարաբերական կենտրոնները: Մասիսն իր հիմքով ամենաբարձր լեռն է, բայց նրանից ոչ մի գետ սկիզբ չի առնում: Մասիսի սառցադաշտի ջուրը հալվելով` ներծծվում է լեռան մեջ և տարածվում ողջ Հայկական լեռնաշխարհով: Մինչև 1840 թ. Ակոռ գյուղի մոտ բխում էր միակ աղբյուրը, որի ջուրը համարվում էր սրբազան, և ասում են` բուժում էր բազմաթիվ հիվանդություններ, անգամ, ըստ վկաների, մաշկային բորոտությունը: Երբ հայերը հեռացան տարածքից, և Ակոռը դարձավ քրդաբնակ` երկրաշարժը գյուղը ավերեց: Աղբյուրն էլ ցամաքեց:
Ակադեմիկոս Հովհաննես Դավթյանն իր «Հիմնարար դաշտի տեսությունը» գրքում ապացուցում է, որ մեր գալակտիկան ունի հատուկ դաշտ, որտեղ գրանցվում և մշակվում է ողջ գալակտիկայի ինֆորմացիան: Այդ դաշտը, որը հեղինակը կոչում է Գեոնային դաշտ, ստացած ինֆորմացիան մշակում է և ուղարկում պատասխան ինֆորմացիա: Դրանով է պայմանավորված ողջ գալակտիկայի, երկրագնդի ու մարդկության զարգացումը: Վերջին տարիներին բազմաթիվ գիտնականներ սկսել են ուսումնասիրել ջրի հատկությունները: Պարզվել է, որ ջուրը կարող է ինֆորմացիա ընդունել, կրել և փոխանցել: Հիշենք` հնագույն շրջանում մարդիկ հավատում էին, որ գոյություն ունի «անմահական ջուր», որը բուժում է բոլոր հիվանդությունները, անգամ կարող է մահացածին կենդանացնել: Մեր ընկերների օգնությամբ կարողացանք Մասիսի գագաթից սառցաջուր բերել և ուսումնասիրել: Այդ ջուրը էներգետիկ ակտիվությամբ մի քանի հազար անգամ գերազանցում էր այլ աղբյուրներից վերցված ջրերին և երկար ժամանակ չէր կորցնում այն: Իսկ Մասիս բարձրացած մարդիկ հավաստում են, որ սարի գագաթին իրենք ունեցել են անհանգստության, նաև շրջապատից առանձնացված լինելու անհասկանալի զգացում, որն անհնարին է բացատրել:
Գուցե պատահական չէ, որ ինչպես հին հայերը, այնպես էլ հետագայում Հայոց եկեղեցին արգելում էին բարձրանալ Մասիս լեռը: Մեր նախնիները լավ գիտեին (դա կարելի է գտնել նաև մյուս ազգերի առասպելներում ու ավանդույթներում), որ Կենաց ծառը նույն սրբազան երկգագաթ լեռն է, որի վրա հենվում է երկինքը: Հնդիկները պնդում էին, որ այդ երկգագաթ լեռից սկսվում են կյանքի չորս գետերը, որոնց շնորհիվ կյանքը տարածվում է ողջ երկրագնդում:
Է-ն` կենաց ծառը, հայերի պատկերացմամբ` Աստվածը, Մասիս սարն է, որը տիեզերական կենտրոնից ստանում է ինֆորմացիա` Բացարձակի խոսքը և այն փոխանցում է երկրագնդի մյուս կենտրոններին: Այս ճանապարհով տեղի է ունենում երկրագնդի և մարդկության զարգացումը` համապատասխան Բացարձակի ծրագրավորման ու համակարգման:
Tags: Ազգային գաղափարախօսութիւն, Արարատ լեռ, Գուրգեն Կարապետյան, Ինքնաճանաչողություն, աշխարհ, հայեր
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments